Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Կուկուները» կասեն, թե ով է իրենց հրաման տվել»

«Կուկուները» կասեն, թե ով է իրենց հրաման տվել»
03.06.2008 | 00:00

«ԻՐԱԿԱՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒԺԵՐՆ ԵՆ»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ
-Պարոն Ենոքյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր Հայաստանում, և ի՞նչ զարգացումներ են սպասվում:
-Բավականին անկայուն իրավիճակ է, որն արագ ելք է պահանջում: Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից, ԵԽԽՎ բանաձևից հետո գնդակն իշխանությունների դաշտում է, և վերջիններս ի զորու պետք է լինեն համապատասխան քայլեր անելու: Բայց, ինչպես երևում է, այդ արիությունը չունեն:
-Ինչո՞ւ:
-Մտածելակերպն է պատճառը. նրանք փորձում են փոքրիկ-կոսմետիկ փոփոխություններով առաջ գնալ, ընդդիմության «գոլորշին» բաց թողնել, հասնել այն բանին, որ ԵԽ-ն ընդդիմությանն այլևս բանի տեղ չդնի: Բայց դա անհեռանկար մոտեցում է. ընդդիմությունը չի ընկրկելու:
-Թվարկենք ԵԽԽՎ-ի «առնչությամբ» իշխանության կատարած քայլերը. հանրային պալատի ստեղծում, դանդաղ, բայց ազատ են արձակվում ձերբակալված գործիչները, ցույցերի մասին օրենքում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում, մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ինչ-որ հանձնաժողով է ստեղծվում, եթերն է բացվել ընդդիմադիրների համար... Սա տեղաշա՞րժ է, թե՞ ոչ:
-Կիսաքայլեր են։ Իշխանությունները չունեն երկարաժամկետ ծրագիր։ Այդպես վարվեց Քոչարյանն իր տասնամյա պաշտոնավարության ընթացքում և երբեք ստրատեգիական քայլեր չկատարեց. փոքր-փոքր քայլիկներով գոյություն պահպանեց:
-Բայց նաև հաջողեց, չէ՞:
-Հաջողեց, բայց դա չի նշանակում, որ այսօրվաններն էլ են հաջողելու։ Իրականությունն այլևս ուրիշ է:
-Ըստ Ձեզ, ի՞նչն է իշխանությանը խանգարում իմիտացիայից իրական քաղաքականության անցնելու։ Թվում էր, թե պաշտոնն ստանձնելուց ժամեր անց Սերժ Սարգսյանը պետք է ազատ արձակեր քաղբանտարկյալներին, որովհետև դա առաջին հերթին հենց իրեն էր պետք, և այդ քայլերով իշխանությունը միայն կշահեր:
-Չէր շահի, որովհետև, ինչպես Տեր-Պետրոսյանն ասաց, մեզ մոտ իշխանությունը հիմնված է ավազակապետության` փոխադարձ քծնանքի, կախվածության վրա: Ազատականացման դեպքում համակարգն ամբողջությամբ փլուզվելու էր: Ազատականացումն այս իշխանությունների համար նշանակելու էր մահ։ Ըստ գենեզիսի, նրանք դրան գնալ չէին կարող, եթե անգամ շատ ուզենային:
-Բա էդ մա՞հն իրենց ինչին է պետք:
-Չէ, էդպես չի. մահվանից առաջ հոգեվարքն է, որի դեպքում երբեմն էլ հոգեդարձ է լինում։ Նրանց հույսը դրա վրա է:
-Դիտելով Սերժ Սարգսյանի կյանքի դինամիկան, պարզ է մեկ բան` իր կյանքի որոշակի փուլերում նա մոխրանում է, մեկ էլ ու` ռասպուտինյան թափով վեր թռչում։ Կարող է հաշվարկը սրա՞ վրա է:
-Սա էդ դեպքը չի։ Այս փուլում նա որևէ հիմք չունի նորից վեր բարձրանալու: Այլ իրադրություն է, և գլուխ շոյելու, խաբելու փորձված մեթոդոլոգիան չի աշխատելու: «Կամ` կամ» է դրված:
-Կարծում եք Գրիգորի Սարկիսյանի, Հայկ Հարությունյանի «ազատականացման» դեպքում նո՞ւյնպես «գլուխշոյման» կոնֆիգուրացիան գործեց:
-Այ, այդ քայլը, ինչպես նաև սպասվելիք բարձրաստիճան ոստիկանների պաշտոնանկության գործընթացը որոշակի հույս են թողնում մտածելու, որ հնարավոր է` նրանց վրա բարդվեն մարտի 1-ի դեպքերը, որովհետև վերջիններս անմիջական մասնակիցներ են եղել: Չմոռանանք` մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամենաէական հարցը կա ու մնում է` ո՞վ է մեղավորը, ո՞վ է կրակելու հրամանն արձակել: Այդ հրաժարականները կարող են հիշյալ հարցերի պատասխանները տալ:
-Կարծում եք` այդ «հրաժարականներն ու պատասխանները» ինչ-որ բան կփոխե՞ն հասարակության «մենթալիտետի» մեջ:
-Ոչ միայն հասարակության, այլև լիովին համոզված եմ` այդ հրաժարականներին ի շարունակություն իշխանություններն իրենք կսկսեն ցույց տալ, թե ովքեր էին կրակողները, ովքեր` մեղավորները:
-Ովքե՞ ր:
-Դրանք կլինեն հենց հրաժարական տվածները:
-Իսկ գլխավո՞ ր «մեղավորը»:
-Կարծում եմ` կամաց-կամաց կհասնեն նաև «գլխավորին»։ ՈՒզեն, թե չուզեն: Շղթան պետք է գնա-հասնի Ռոբերտ Քոչարյանին: Հրաժարական տվածներն իրենք ևս ստիպված կլինեն ասել, թե ով է իրենց հրաման տվել: Այսինքն՝ «Կուկուի» դեպքում քննությունը եկավ կանգնեց մի կետի և այլևս առաջ չշարժվեց։ Այս «կուկուները» կասեն, թե իրենց ով է ստիպել սպանել Հայաստանի քաղաքացիներին:
-Դրանից հետո ի՞նչ է լինելու:
-Կլինի հոգեդարձ, որից հետո Սերժ Սարգսյանը կկարողանա ավելի հեշտ հեռանալ պաշտոնից։ Նրան այդ դեպքում շանս է տրվում մեղք չկրելու և հեռանալու հնարավորինս «մաքրված»:
-Ընդամե՞նը: Իսկ «գենեզի՞սը»:
-Գենեզիսը չի փոխվում, Սերժ Սարգսյանն իրեն է փրկում` «հանձնելով» մարտի 1-ի պատասխանատուներին:
-Քոչարյանի՞ն էլ:
-Քոչարյանին էլ:
-Ի՞նչ է լինում Քոչարյանի հետ այդ ժամանակ։ «Հանուն Հայաստանի հանրապետության» նա «ձերբակալվո՞ւմ» է: Մեկ հարց էլ ճշտենք և առաջ անցնենք. իշխանությունը հանձնելու մեխանիզմը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է լինելու. Սերժ Սարգսյանը գալիս, ասում է՝ առեք իշխանությունը, տղերք, ես գնացի՞:
-Չէ, Սերժ Սարգսյանը, տեսնելով, որ պետական ապարատը չի աշխատում, տեսնելով, որ հնարավոր չէ կասեցնել ընդդիմության բողոքի շարժումը, տեսնելով, որ հնարավոր չէ դիմագրավել արտաքին ճնշումներին, ստիպված է լինում նշանակել նոր ընտրություններ:
-Ընդդիմության քայլե՞րը:
-Միտինգներ, հետո էլի միտինգներ։ Միտինգները կիսատ են մնացել և պետք է շարունակվեն: Զուգահեռ ընթանում են Համազգային կոնգրեսի ստեղծման աշխատանքները:
-Գերտերությունները մեզանում խաղի ամպլիտուդ ունե՞ն:
-Իհարկե ունեն: Նրանք իրենց շահերին համապատասխան կարող են փոքր օժանդակություն ցույց տալ այս կամ այն կողմին: Ամեն դեպքում, իրական խաղացողները երկրի ներքին ուժերն են:
-Բայց սա էլ որերորդ անգամ` նախորդ դարասկզբից սկսած, այս դարասկզբով ավարտած, շնորհիվ գերտերությունների, ավարտվում է այնպես, ինչպես ավարտվում է:
-Գիտե՞ք, պատմական փորձը շատ կարևոր է, բայց յուրաքանչյուր պատմական փորձ եզակի է, և չեմ ցանկանա, որ պատմական փորձի վրա որևէ կարգի հղում անենք:
-Ի՞նչ ժամկետներում կավարտվեն «խաղադրույքները»` ձեր ասածը հաստատելու համար:
-Կարծում եմ՝ մինչև աշուն, աշնան կեսերը:
-Եվ ընդդիմությունը կհաղթի` ի դեմս Տեր-Պետրոսյանի՞:
-Այո:
-Տեր-Պետրոսյանն անչափ հուժկու քննադատեց Եվրոպային, եվրոպական կառույցներին. դա խանգարող հանգամանք չի՞ լինի:
-Ոչ, չի լինի։ Եվրոպական կառույցները բավականին լուրջ բյուրոկրատիկ կառույցներ են, դրանք տեղից շարժելը բավականին դժվար գործ է: Ասածս չի վերաբերում Միացյալ Նահանգներին: Կամ Ռուսաստանին:
-Մանավանդ՝ Ռուսաստանին։ Ի դեպ, Ռուսաստանի մասով. միտինգային պայքարի ողջ ընթացքում մի թթու խոսք չհնչեց Ռուսաստանի հասցեին, երբ իմ սերունդը, դուք` առաջին սերնդի լիբերալներդ, անցած տասը տարիների ընթացքում մեզ կայացրիք, «դաստիարակեցիք» հակառուսության արմատի վրա։ Անցնող տասը տարիների ընթացքում ձեր պայքարի, եթե չասեմ միակ լեյթմոտիվը եղավ ռուսաստանյան այսօրվա իշխանություններին հնարավոր ու անհնար «պուտինյան հետախուզական կրքերի» մեջ մեղադրելը, Հայաստանի վերջին շապիկը զավթելը: Երբ հայտնի լիբերալներից մեկին միտինգների ժամանակ հարցրի` իրենց իշխանության գալուց հետո վերանայվելո՞ւ են «ավազակապետական իշխանության»` Ռուսաստանի հետ կնքած տնտեսական գործարքները, ասաց` ոչ: Նույնիսկ Իրան-Հայաստան գազամո՞ւղը: Ասաց` ոչ: Եվրոպան արդարացիորեն քննադատվեց, որովհետև մենք ԵԱՀԿ, ԵԽ անդամներ ենք; Բայց կարծես ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ էլ ենք... Նույնիսկ դիտորդ ենք ԵվրԱզեսում:
-Համաձայն չեմ այն մտքի հետ, որ Ռուսաստանի մասով որևէ թթու խոսք չի ասվել: Ռուսաստանի մասին ասվել են բազմաթիվ խոսքեր: Կարծում եմ` Տեր-Պետրոսյանի կողմից Ռուսաստանի հանդեպ ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականությունն այն պատճառով էր, որ Ռուսաստանն ազդեցության բավականին լուրջ լծակներ ունի Հայաստանում, և վերջինիս հետ առճակատման գնալը չէր կարող լուծում լինել:
-Դա պատահաբար էն նույն կոմպլեմենտարիզմը չէ՞, որ կիրառում են էս իշխանությունները` հազար տարի, ավելին, նույն Ռուսաստանը Սերժ Սարգսյանին պերմանենտ մեղադրում է «յոթ մղոնանոց քայլերով դեպ ՆԱՏՕ» գնալու մեջ:
-Կոմպլեմենտարիզմը դատարկախոսություն է, մոռացեք այդ բառը: Հարցն այն է, որ պետք է քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել ողջ աշխարհի հետ:
-Հայտնվեցինք տեղապտույտի մեջ։ Ո՞նց կարող ենք քաղաքակիրթ լինել ողջ աշխարհով «մեկ», երբ մեր երկրի ներսում չենք կարողանում միմյանց հետ երկխոսել, միմյանց չենք հանդուրժում, և ընդհանրապես, չենք փորձում ստեղծել նման մշակույթ: Իսկ դրա համար բոլորս ենք մեղավոր:
-Երկրի ներսում հանցագործներ են, որոնք պատանդներ են վերցրել, մարդիկ են սպանել, իսկ ահաբեկիչների հետ չեն երկխոսում։ Ահաբեկիչների հետ պայմանավորվում են լոկ իրենց պատժաչափերի մասին:
-Հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն օրերս մի շատ կարևոր միտք հայտնեց. «Պետք է հանդուրժենք միմյանց ու չպատժենք: Հիմա պետք է համերաշխ ձևով հասնենք խնդիրների լուծմանը: Ներողամտության ճանապարհով պետք է ծածկենք եղածը։ Զոհեր եղան երկու կողմից էլ, և եթե շարունակեն մարդկանց բանտերում պահել, ցավն ու ատելությունն ավելի կմեծանա»: Ի վերջո` կարողանալո՞ւ ենք հանդուրժել միմյանց, թե՞ ոչ:
-Շատ ճիշտ մտածողություն է։ Դրա համար մենք չենք ասում` դատենք բոլորին, ջարդենք բոլորին, պետք է ընթանան քաղաքակիրթ պրոցեսներ։
-Եվ վերջին հարցը։ Եթե զարգացումներն ընթանան այնպես, ինչպես Դուք եք տեսնում, Տեր-Պետրոսյանն աշնանը գա իշխանության, ապա Հայաստանի համար այս ծանր վիճակում, այն է` պայթյունավտանգ տարածաշրջան, Ղարաբաղի չլուծված հարց, ներքին հակասություններ, գերտերություններ, որոնք երբեք թույլ չեն տալիս երրորդ երկրում «անվերահսկելի» գործընթացներ տեղի ունենան, Տեր-Պետրոսյանը կարողանալո՞ւ է երկիրը «դնել» նոր ռելսերի վրա և սպիտակ-պայծառ ապագա կերտել:
-Չէի ասի՝ սպիտակ, բայց հնարավորներից ամենասպիտակ՝ հաստատ, որովհետև նման պայմաններում Տեր-Պետրոսյանի վերադարձը նշանակում է առավելագույն լեգիտիմության իշխանություն։ Այնպիսի իշխանություն, որին կնախանձեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն, որովհետև այն կլինի չափազանց ուժեղ և կկարողանա առավելագույնն անել երկրի համար:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 7531

Մեկնաբանություններ